Ազգային ինքնորոշում միավորումը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին` համագործակցելով որեւէ ուժի հետ: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ինքնոորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա ԱԻՄ-ի համագործակցությունը տեսնում է բոլոր ուժերի հետ. «Անցյալում չենք մասնակցել, որովհետեւ գիտեինք, որ ընտրությունը ընտրություն չէր, հիմա էլ այդպես է, բայց պետք է համախմբվենք քաղաքական ուժերով`հանուն այս երկիրը կատարյալ ժողովրդական պետություն դարձնելու`ժամանակավորապես մի կողմ դնելով մեր կուսակցական եւ անձնական հավակնությունները»,- նշեց նա:
Ի դեպ, օգոստոսի 10-ին կկայանա Ազգային ինքնորոշում միավորման ներկայացուցչական խորհրդի նիստը, որտեղ կհաստատվեն գործողությունների ժամանակացույցը, ծրագիրը, առաջարկությունները` ուղղված կուսակցություններին:
Հայրիկյանի խոսքով` իրենց գաղափարին արդեն հավանություն է տվել 6 կուսակցություն, այն ներկայացված էր ԱԺ, նախագահին եւ որեւէ առարկություն չի գտել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազգային ինքնոորոշում միավորման առաջնորդը,անդրադառնալով ՀՀ անկախության 20-ամյակին, նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երեք նամակ է ուղարկել: Առաջին նամակում նա նշել է, որ պետք է Հայաստան հրավիրել այլազգի ներկայացուցիչներին եւ երախտագիտություն հայտնել, որ նրանք մասնակցել են Հայաստանի անկախության հանրաքվեի համար պայքարին:
«Նախագահը, ըստ արժանվույն, չարձագանքեց այդ նամակին, բայց դա իր խնդիրն էե,- նշեց նա: Երկրորդ նամակում Հայրիկյանը նախագահի ուշադրությունը հրավիրում է անկախության հանրաքվեի ճանապարհով ռազմավարության գաղափարը մշակողների վրա: Երրորդ նամակ-հրավերում նա հրավիրում է հանրապետականներին` իրենց հետ մասնակցելու ուխտագնացության: Ի դեպ, Հայրիկյանը նշեց, որ սխալ է այդ օրը կոչել անկախության օր, որովհետեւ հայ ժողովուրդը անկախություն ունեցել է բազում դարեր, իսկ այդ օրը պետք է նշել անկախության հանրաքվեի օր:




























