Քաբուլի մզկիթներից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով ավելի քան 50 հավատացյալ է մահացել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է մզկիթի ղեկավարը:

Պայթյունը որոտացել է աֆղանական մայրաքաղաքի արեւմտյան շրջանում գտնվող մզկիթում վաղ առավոտյան, հայտնել է ներքին գործերի նախարարության փոխքարտուղարը:

Հարձակումը տեղի է ունեցել, երբ ուրբաթօրյա աղոթքից հետո հավատավորները հավաքվել էին սուննիների մզկիթում՝ մասնակցելու «Զիքր» կոչվող կրոնական, ծիսական արարողության, որը որոշ մահմեդական խմբերի կողմից հերետիկոսություն է համարվում:

Մզկիթի ղեկավար Սայեդ Ֆազիլ Աղան հայտնել է, որ մահապարտ ահաբեկչի տեսք ունեցող անձնավորությունը միացել էր իրենց արարողության ժամանակ եւ պայթուցիկ գործի դրել:

Քաբուլի կենտրոնական հիվանդանոցից հայտնել են, որ 21 հիվանդի են բուժում, իսկ երկուսը մահացել են ժամանելուն պես:  

Դեռեւս հայտնի չէ, թե ով է պատասխանատվություն կրում կատարվածի համար: