Հնդկաստանի հյուսիսարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում ապրիլին գրանցված միջին առավելագույն ջերմաստիճանը կազմել է 35.9 եւ 37.78 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, որն ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների 122-ամյա պատմության ընթացքում, գրում է The Times of India-ն:

Ամսվա վերջին օրը Մահարաշտրա նահանգի Չանդրապուր քաղաքում գրանցվել է 46.6 աստիճան առավելագույն ջերմաստիճան՝ ըստ Ցելսիուսի, իսկ Դելիում եւ մի շարք այլ շրջաններում գերակշռել են ջերմային ալիքի պայմանները:

Ավելի քան մեկ մլրդ մարդ տարածաշրջանում ենթարկվում է տապի հետեւանքների վտանգին, նախազգուշացնում են գիտնականները:  

Միեւնույն ժամանակ նշվում է, որ մայիսի եղանակի կանխատեսումները խառն են՝ երկրի հյուսիս-արեւմուտքում, արեւմուտքում եւ կենտրոնական հատվածում շոգ եղանակը շարունակվելու է, իսկ Հնդկաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: