ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն հաջորդած նախագահի՝ դեմոկրատ Ջո Բայդենի օրոք երկիրը կորցրել է էներգետիկ անկախությունը եւ ստիպված է եղել «խնդրել, որ Ռուսաստանն ու ՕՊԵԿ-ը խնայեն իրեն»։
«Նրանք զիջել են մեր գերակա դիրքերը էներգետիկայի ոլորտում եւ սկսել են խնդրել, որ ՕՊԵԿ-ը, Ռուսաստանը, Վենեսուելան, Իրանը խնայեն իրենց»,- ասել է Թրամփը Նեբրասկայի նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։ Միջոցառումը հեռարձակում էր տեղի հեռուստատեսությունը։
Սպիտակ տան նախկին ղեկավարը ամերիկյան գործող իշխանությունների քաղաքականությունը բնութագրել է որպես «լիակատար ձախողում»՝ հիշեցնելով, որ իր օրոք մեկ գալոն բենզինը երկու դոլարից էժան էր։
«Եկեք նայենք փաստերին, թվեր եւ արդյունքներ, որոնք անհնար է ժխտել։ Ես հասել էի այն բանին, որ մեկ գալոն բենզինը 1 դոլար 87 սենթ արժեր։ Իսկ նրանց օրոք այն հինգ, վեց, յոթ դոլար արժե, իսկ անցած հանգստյան օրերին որոշ տեղերում անգամ ութ դոլարի է հասել»,- նշել է ԱՄՆ նախկին նախագահը։
Ամփոփելով՝ նա նշել է, որ իր վարչակազմի օրոք երկիրը ձեռք էր բերել էներգետիկ անկախություն, «ինչը ոմանց պարզապես անհնար էր թվում»։




























