Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի Հունաստանին մեղադրել է Անկարայի դեմ սադրիչ գործողությունները շարունակելու մեջ։ Դրա վերջին օրինակը, նրա խոսքով, Հունաստանում ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին Թուրքիայի մասնակցության հրավերի չեղարկումն էր։

«Հունաստանը, բարիդրացիության, միջազգային հարաբերությունների եւ երկխոսության զարգացման հարցում Թուրքիայի դիրքորոշմանը  հակառակ, շարունակում է սադրիչ գործողություններն Էգեյան եւ Միջերկրական ծովերում: Հունաստանը մշտապես, այդ թվում՝ միջազգային զորավարժությունների ժամանակ, որոշակի նախաձեռնություններ է ձեռնարկում մեր երկրի դեմ»,- նախարարի խոսքերը մեջբերում է TRT հեռուստաալիքը։ «Մենք հրաժարվեցինք մասնակցությունից Tiger Meet զորավարժություններին, ասացինք, որ այնտեղ չենք գնա։ Մենք հայտարարեցինք, որ մեր դեմ ուղղված նախաձեռնությունների իրականացում թույլ չենք տա»,- հավելել է Աքարը։

Tiger Meet զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Հունաստանում մայիսի 9-ից 20-ը։ Թուրքիայի կողմից դրանց նախատեսվում էր F-16 կործանիչների մասնակցությունը երկրի արեւմուտքում գտնվող Բալիկեսիր քաղաքի ռազմաօդային ուժերի բարձրագույն հրամանատարության բազայից։