ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

Մենք ուս ուսի տված կանգնած ենք Ուկրաինայի հետ եւ կանգնելու ենք այնքան ժամանակ, մինչեւ Ուկրաինան հաղթի: Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, փոխանցում է լեհական PAP գործակալությունը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը «հնարավորություն եւ պատիվ է ունեցել երեկ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»։ Նա պարզաբանել է, որ բանակցությունների ընթացքում շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անվտանգությունը, մարդասիրական աջակցության հարցը, տնտեսական աջակցությունը եւ Ուկրաինայի վերականգնումը հաղթանակից հետո։

«Մենք ցանկանում ենք հստակ ուղերձ հղել՝ ԱՄՆ Կոնգրեսի միասնությունը»,- ասել է ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ ամերիկացիները գնահատում են Ուկրաինայի նախագահի առաջնորդությունը, «հիանում են ուկրաինացիներով, որոնք հերոսներ են»։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն Լեհաստանի հետ միասին հանձնառու են մնում Ուկրաինային օգնելու հարցում։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Լեհաստանի կառավարությանը փախստականների հանդեպ հյուրընկալության համար եւ կքննարկենք, թե ինչ է անհրաժեշտ եւ ինչ կարող ենք անել»,- ասել է նա:

Փելոսին խոսել է Ուկրաինայի պատերազմի հետ կապված ներկայիս իրավիճակի «ավելի լավ ըմբռնման» եւ այն մասին, թե ինչ գործողություններ դեռ պետք է ձեռնարկվեն. «Մենք ավելի ու ավելի ենք գնահատում նրանց, ով պայքարում է: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել հակամարտության լուծումը, այստեղից էլ բխում է նախագահ Բայդենի նախաձեռնությունը, որը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը»։