Գերմանիան արդեն պետք է սահմանափակի գազի օգտագործումը, որպեսզի պատրաստվի ապագայում գազի մատակարարումը դադարեցնելու հնարավորությանը՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների, հայտարարել է EWI էներգետիկ հետազոտությունների ինստիտուտը։

Ռուսական էներգետիկ հսկան՝ «Գազպրոմը», անցյալ չորեքշաբթի դադարեցրել է գազի մատակարարումները Բուլղարիա եւ Լեհաստան այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են վճարումները ռուբլով կատարելու Մոսկվայի առաջարկած սխեման:

«Գազի պահանջարկը պետք է անհապաղ նվազեցվի ամառային ամիսներին»,- ասել է EWI-ի էներգետիկ ռեսուրսների ղեկավար Էրեն Քեմը՝ առաջարկելով ակտիվ միջոցներ ձեռնարկել մատակարարումների հուսալիությունը բարելավելու համար, հաղորդում է Reuters-ը:

Գերմանական Uniper էներգետիկ ընկերությունը, որը ռուսական գազի խոշոր գնորդ է, որի հաջորդ վճարումը կկատարվի մայիսի վերջին, հայտարարել է, որ ռուսական նավթի նկատմամբ ԵՄ դիտարկվող էմբարգոն կարող է Ռուսաստանին դրդել դադարեցնել գազի մատակարարումները Արեւմուտքին:

EWI-ն հայտարարել է, որ եթե Մոսկվան այժմ դադարեցնի գազի մատակարարումը, ապա ԵՄ տարածաշրջանը գումարած Մեծ Բրիտանիան, բացառությամբ Կիպրոսի, Մալթայի եւ Իբերիայի, պետք է ամռան ընթացքում պահանջարկը կրճատեն 459 տերավատ/ժամով:

EWI-ն հաշվի է առել Նորվեգիայից խողովակաշարային գազի ծավալների ավելացման եւ Նիդեռլանդներ ու Գերմանիա հեղուկացված բնական գազի մատակարարումների ավելացման ազդեցությունը:

Եթե նպատակն այն է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում գազի պաշարները պահպանվեն ներկայիս 33 տոկոսի մակարդակում, ապա պահանջարկի անհրաժեշտ կրճատումը կկազմի 790 տերավատ/ժամ, ասվում է հաղորդագրության մեջ։

Այս մակարդակն իրենից ներկայացնում է նոյեմբեր-ապրիլին ընդհանուր պահանջարկի 18 տոկոսը, որը EWI-ն գնահատում է 4446 տերավատ/ժամ: Բայց դա կախված է նրանից, թե որքան ցուրտ կլինի ձմռանը: