Սաուդյան Արաբիան «հիասթափված է» Միացյալ Նահանգներից՝ հուսիների եմենյան շարժման կողմից թագավորության եւ ողջ տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող վտանգների դեմ պայքարի հետ կապված, ասել է Սաուդյան Արաբիայի թագավորական տան անդամ եւ հետախուզության նախկին ղեկավար, արքայազն Թուրքի ալ-Ֆեյսալը:
Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք ապավինում են ԱՄՆ անվտանգության հովանոցին, դժգոհ են իրենց տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ-ի հավատարմության անկումից: Ուկրաինայում հակամարտությունը սրել է լարվածությունը, եւ Պարսից ծոցի ՕՊԵԿ-ի արտադրողները դիմադրում են Ռուսաստանին մեկուսացնելու եւ գները իջեցնելու համար նավթի արդյունահանումը մեծացնելու կոչերին:
«Տարիների ընթացքում մենք ունեցել ենք մեր վերելքներն ու վայրէջքները, եւ սա կարող է ներկայում անկումներից մեկը լինել, հատկապես այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահն իր նախընտրական արշավում ասել է, որ Սաուդյան Արաբիային կմեկուսացնի»,- ասել է Թուրքին:
Նա հիշեցրել է Եմենում կոալիցիայի հարձակողական գործողություններին ԱՄՆ-ի աջակցությունը դադարեցնելու, փաստացի կառավարիչ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ չհանդիպելու եւ թագավորությունից ամերիկյան հակահրթիռային համակարգերը «մի փուլում» հանելու Բայդենի որոշումը։
Միացյալ Նահանգները վերջին ամիսներին ուժեղացրել է ռազմական աջակցությունը Էր Ռիադին՝ փորձելով շտկել հարաբերությունները, ասել են արեւմտյան դիվանագետները:





























