Վրաստանում կրոնական միավորումների իրավական կարգավիճակ տալու որոշոիւմը ճիշտ քայլ էր եւ դա պետք է ավելի վաղ արվեր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին: «Միշտ էլ ճիշտ է բոլորի իրավուքնները հավասարեցնելը»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Վրաստանում կրոնական միավորումներին կարգավիճակ տալու խնդրի շուրջ հուզումներին, Ռոնդելին նշել է, որ դրանք ձվի արժեք էլ չունեին: «Ընդհանրապես, հայտնի է, որ մեծ աղմուկով մանր գործեր են արվում, խոշոր գործերը հանգիստ են արվում»,- նկատել է փորձագետն ու հավելել, որ հիմա երկրում ամեն բան հանգիստ է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով հուլիսի 5-ին հաստատել էր այդ փոփոխությունները: Միեւնույն ժամանակ նշվում էր, որ կոնկորդատ կարող է ձեւակերպվել միայն Վրաց ուղղափառ եկեղեցու հետ:

Վրացական խորհրդարանի որոշմամբ, իրավաբանական անձի կարգավիճակ են ստացել Հայ առաքելական եկեղեցին, Կաթոլիկ եկեղեցին, Մահմեդական համայնքը, Հրեական համայնքը եւ Բապտիստական եկեղեցին:

Արդեն հուլիսի 6-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով իրավաբանական կարգավիճակ է տրվում կրոնական միավորումներին: