Իրավիճակը Ուկրաինայում զգալի ազդեցություն կունենա Շվեդիայի համար, պաշտպանական բյուջեն կավելացվի հնարավորինս արագ, անվտանգության հարցերը ներառում են նաեւ ՆԱՏՕ-ի հնարավոր անդամակցության շուրջ քննարկումները, Գերմանիայի կառավարության արտագնա նիստի շրջանակներում լրագրողներին ասել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը։

«Անվտանգության ոլորտում իրավիճակը պահանջում է ավելի մեծ մերձեցում ինչպես բալթյան պետությունների, այնպես էլ ԵՄ-ի եւ անդրատլանտյան գործընկերների հետ: Մենք պետք է հարմարվենք այս նոր պայմաններին, ուժեղացնենք մեր պաշտպանությունը, մենք արագացնում ենք այս գործընթացը։ Ինչպես Գերմանիան, մենք հնարավորինս շուտ կավելացնենք մեր պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը»,- ասել է Շվեդիայի վարչապետը՝ հավելելով, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը «էական հետեւանքներ կունենա ինչպես մեր երկրների, այնպես էլ Ռուսաստանի համար»:

Նա հավելել է, որ Շվեդիայի պաշտպանունակության ամրապնդման հարցերը ներառում են նաեւ «քննարկում ՆԱՏՕ-ին ապագա անդամակցության եւ առկա այլ տարբերակների մասին»:

Ավելի վաղ Մեզեբերգում մեկնարկել էր Գերմանիայի կառավարության արտագնա նիստը, որը կտեւի երկու օր։ Միջոցառմանը որպես հյուրեր հրավիրված են եղել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի վարչապետները, որոնց հետ Գերմանիայի կառավարությունն անվտանգության հարցեր է քննարկել։