Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ «Ռուսաստանը չի հարձակվի այլ երկրների վրա՝ հաշվի առնելով Ուկրաինայում միջազգային իրավունքի խախտումը»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի վարչապետներ Մագդալենա Անդերսոնի եւ Սաննա Մարինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը խաթարել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված կարգը եւ ստիպել է Եվրոպային ամրապնդել իր պաշտպանական ռազմավարությունը»։

«Ոչ ոք չի կարող ենթադրել, որ Ռուսաստանի նախագահը եւ կառավարությունը այլ դեպքերում բռնության կիրառմամբ չեն խախտի միջազգային իրավունքը»,- ասել է Շոլցը:

Նրա խոսքով, եթե Շվեդիան ու Ֆինլանդիան որոշեն, որ պետք է միանան ՆԱՏՕ-ի դաշինքին, «կարող են հույս դնել մեր աջակցության վրա»։

Stern ամսագրին տված առանձին հարցազրույցում Շոլցն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը «իմպերիալիստական է, եւ նա համարում է, որ հարեւան երկրները Ռուսաստանի հետնաբակն են»: «Նա ցանկանում է ընդլայնել իր տարածքը եւ բռնության միջոցով հետ տանել սահմանները»,- ասել է նա: «Նա հուսահատորեն փորձում է վերականգնել Ռուսաստանի նախկին նշանակությունը փոփոխված աշխարհում»։

Շոլցի խոսքով՝ Պուտինը կարծես ցանկանում էր «գրավել Ուկրաինայի արեւելքի եւ հարավի մի մասը՝ այնտեղ ստեղծելով շփման նոր գիծ, որն ի վերջո պետք է հանգեցներ հրադադարի»։ «Սա կայուն լուծում չի լինի»,- ասել է նա։ «Պուտինին անհրաժեշտ է գործարք կնքել Ուկրաինայի հետ»։