Բելառուսի խորհրդարանի Վերին պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որով նախատեսվում է մահապատժի հնարավորություն ահաբեկչության փորձի դեպքում, չորեքշաբթի տեղեկացրել է «Բելտա» պետական գործակալությունը։

Ապրիլի վերջին Բելառուսի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են օրինագիծ քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին, որոնցով նախատեսվում է մահապատժի կիրառման հնարավորություն ահաբեկչությունների կատարման դեպքում։ Խորհրդարանի Ստորին պալատի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ «օրինագիծը պատրաստվել է ապակառուցողական տարրերի զսպման, ինչպես նաեւ ահաբեկչական գործունեության դեմ պետության վճռական պայքարի ցուցադրման նպատակով»։ Բելառուսում ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պետք է արժանանա խորհրդարանի երկու պալատների հավանությանը, ինչպես նաեւ ստորագրվի նախագահի կողմից։

«Սենատորները յոթերորդ գումարման Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի ութերորդ նստաշրջանի նիստում հավանություն են տվել քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին։ Օրենքի նախագծով ճշտվում է պատժի առավելագույն չափի՝ մահապատժի հանդեպ մոտեցումը»,- նշվել է հաղորդագրությունում։

Ներկայացվել են Հանրապետության խորհրդի օրինաստեղծման եւ պետականաշինության հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սիվեցի խոսքերն այն մասին, որ օրինագծով «նախատեսվում է, որ հանցագործության նախապատրաստման եւ հանցագործության փորձի համար մահապատիժ չի նշանակվում, բացի այն դեպքերից, որոնք ուղեկցվել են մարդկային զոհերով. օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ մահափորձ՝ միջազգային բարդությունների կամ պատերազմի հրահրման նպատակներով, միջազգային ահաբեկչության կամ ահաբեկչության ակտի փորձ՝ ատոմային էներգիայի օբյեկտների, ռադիոակտիվ կամ միջուկային, քիմիական կամ կենսաբանական նյութերի օգտագործմամբ, պետական կամ հասարակական գործչի դեմ մահափորձ՝ կապված նրա պետական կամ հասարակական գործունեության հետ, իշխանության մարմինների կողմից որոշումների ընդունման վրա ազդեցություն գործելու, բնակչության ահաբեկման, հանրային կարգի ապակայունացման նպատակով»։