ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունում միմյանց հետ կողք կողքի կռվում են Իսրայելի «Հաջողության զինվորները» եւ «Ազով» նացիստական կազմավորումը։

Այս տեղեկատվությունը դժվար թե ուրախացնի Ավետյաց երկրի քաղաքական գործիչներին, որոնք մամուլում եւ դիվանագիտական մակարդակով հերթական հակառուսական քարոզարշավն են սկսել: Սակայն Իսրայելում չեն կարող այդ մասին չիմանալ, ընդգծել է Զախարովան, փոխանցում է «Վեստին»։

Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել էր, որ ռուսական կողմից ներողություն է սպասում՝ ուկրաինացի նացիստների եւ նրանց նկատմամբ հրեաների վերաբերմունքի մասին Սերգեյ Լավրովի հայտարարության համար։ Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը հրավիրվել է ԱԳՆ՝ բացատրական զրույցի։

Մարիա Զախարովան նաեւ մեկնաբանել է ուկրաինական կողմի հետ բանակցությունները։ Sputnik ռադիոյի եթերում նա նշել է, որ Կիեւի ներկայացուցիչները խնդրում են մի բան, հետո հրաժարվում են, ուստի կարիք չկա կենտրոնանալ կիեւյան ռեժիմի հայտարարությունների վրա։

«Ոչ ոք ամեն օր չի լսի ու չի մեկնաբանի նրանց։ Կա երկրի վրա իրավիճակ, դրանով զբաղվում են։ Կա, իհարկե, բանակցային ճանապարհ, որը կազմակերպվել է ուկրաինական կողմի խնդրանքով։ Բայց մենք գիտենք, որ այսօր նրանք խնդրում են մի բան, հետո հրաժարվում են, հետո մեղադրում են, որ իրենց ինչ-որ բան չեն տվել»,- ասել է Զախարովան: