Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը, ներառյալ՝ հում նավթի ներմուծման էմբարգոն, ավելի շատ կվնասի Հունգարիային, քան Ռուսաստանին, ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է index.hu լրատվական կայքը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված նամակում Օրբանն ասել է, որ ԵՄ պատժամիջոցների վերջին փաթեթը կարող է խաթարել դաշինքի միասնությունը, եւ դրա հաստատումը պատմական անհաջողություն կլինի, հաղորդում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովն առաջարկել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների ամենախիստ փաթեթը, սակայն մի քանի երկրներ, որոնք մտահոգված են Ռուսաստանից նավթի ներկրումը դադարեցնելու հետեւանքներով, խոչընդոտում են համաձայնությանը։
ԵՄ մի քանի արեւելյան երկրներ մտահոգված են, որ էմբարգոն իրենց բավարար ժամանակ չի տա հարմարվելու համար, թեեւ դիվանագետներն ասում են, որ Հունգարիային եւ Սլովակիային ժամանակ կտրվի մինչեւ 2023թ․ վերջ։
Արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն ասել է, որ նույնիսկ ուշացումով Հունգարիան կարող է համաձայնվել այդ միջոցներին միայն այն դեպքում, եթե նավթամուղով Ռուսաստանից հում նավթի ներմուծումն ազատվի պատժամիջոցներից։
Օրբանը նաեւ նշել է, որ միջոցառումները կհանգեցնեն էներգակիրների գների հետագա բարձրացման, եթե ԵՄ-ն չձեռնարկի բավարար վերականգնողական գործողություններ՝ ազդեցությունը մեղմելու համար:





























