Եվրամիությունը մտադիր է արգելել ռուսական նավթի ներկրումը մինչդեռ շատ ուրիշ երկրներ նույնպես խուսափում են այդ երկրից էներգակիրներ ներկրելուց, սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, գրում է Business Insider-ը:

Դա պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ պարզել վերամշակումից եւ վերավաճառքից հետո նավթի ծագումը, այդ թվում՝ ռուսական, հայտարարել է Shell ընկերության գործադիր տնօրեն Բեն վան Բերդենը:

«Աշխարհում չկան այնպիսի համակարգեր, որոնք թույլ են տալիս հետեւել որոշակի մոլեկուլների ծագմանը Ռուսաստանի երկրաբանական կազմավորումներում: Նման բան գոյություն չունի»,- ասել է նա:

Վան Բերդենի մեկնաբանությունն ընդգծում է ռուսական նավթի դեմ պատժամիջոցների կիրառման բարդությունը՝ մատակարարումների համաշխարհային շղթայի բարդության պայմաններում:

Այս շաբաթ ԵՄ-ն առաջարկել է արգելել ռուսական նավթի ներկրումը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում: Պատժամիջոցները տարածվելու են վառելիքի վրա, այդ թվում՝ դիզելային եւ ռեակտիվ շարժիչների վառելիքի, որն ստացվում է անմիջապես Ռուսաստանից, սակայն ոչ այն արտադրանքի, որն ստեղծվել է այլ երկրներում ռուսական նավթի վերամշակման արդյունքում:  

Ըստ Shell-ի ղեկավարի՝ իր ընկերությունն այնպիսի արտադրանքներ չի վերամշակում, որոնցում օգտագործվում է ռուսական նավթը:

Էներգետիկ հսկան մինչեւ 5 մլրդ դոլարի ակտիվ է դուրս գրել ռուսական նավթագազային հատվածից դուրս գալուց հետո: