Դիվանագետներն ու իրավապաշտպան խմբերը շաբաթ օրը մտահոգություն են հայտնել այն բանից հետո, երբ Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան արտակարգ դրություն է հայտարարել, իսկ ոստիկանությունը ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, որոնք պահանջել են նրան հեռացնել իշխանությունից՝ երկրի ծանր տնտեսական ճգնաժամի պայմաններում, հաղորդում է AP-ն:
Ուրբաթ օրը Ռաջապակսան հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Այն լիազորել է նրան թույլ տալ կալանավորումներ, գույքի առգրավում եւ խուզարկություններ ցանկացած տարածքներում։ Նա կարող է նաեւ փոխել կամ կասեցնել ցանկացած օրենք՝ ելնելով հանրային անվտանգության շահերից եւ կենսական նշանակություն ունեցող մատակարարումները պահպանելու համար:
Շրի Լանկան մոտ է սնանկացմանը։ Կառավարությունը կասեցրել է արտաքին վարկերի մարումը, իսկ նրա օգտակար արտարժութային պահուստներն ընկել են 50 միլիոն դոլարից: Ընթացիկ տարում երկիրը պետք է մարի 7 միլիարդ դոլարի արտաքին վարկեր՝ արտաքին պարտքի 51 միլիարդ դոլար ընդհանուր գումարից։
Ուրբաթ օրը ոստիկանությունը երկու անգամ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների դեմ, որոնք քննադատել են օրենսդիրներին, որ նրանք չեն հեռացրել նախագահին եւ նրա եղբայր Մահինդա Ռաջապակսայի գլխավորած կառավարությանը: Ցուցարարները վրդովված են, որ օրենսդիրները ճնշող մեծամասնությամբ ընտրել են կառավարության կողմից աջակցվող՝ խորհրդարանի փոխնախագահին, ինչը նշանակում է իշխող կոալիցիայի առանցքային հաղթանակ:
Շրի Լանկայում ԱՄՆ դեսպան Ջուլի Չանգը շաբաթ օրը թվիթերյան իր էջում հայտնել է, որ «անհանգստացած է» արտակարգ դրության կապակցությամբ՝ հավելելով, որ «խաղաղ բնակիչների ձայնը պետք է լսելի լինի»:





























