Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ «ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հակասեմական արտահայտությունների շնորհիվ Իսրայելից Ուկրաինա զենքի մատակարարման հարցը գրեթե լուծվել է», փոխանցում է НВ-ն: Այս մասին նա ասել է հեռուստամարաթոնի եթերում տված հարցազրույցի ժամանակ:
Ռեզնիկովի խոսքով՝ Իսրայելը «հավասարակշռություն էր պահում», չեզոքություն՝ «ոչ Ռուսաստանի հետ, ոչ էլ Ուկրաինայի»: Սակայն Լավրովն «առավելագույն է արել», որպեսզի պետությունը կողմնորոշվի:
«ՌԴ-ի՝ «ուկրաինամետ տրամադրվածություն» ունեցող ԱԳ նախարարի այդ ջանքերի շնորհիվ, քանի որ այլ կերպ այն չես անվանի, եթե նա արել է առավելագույնը, որպեսզի Իսրայելը վերջապես շրջվի դեպի մեզ… Նրա շնորհիվ կարելի է ասել, որ Իսրայելից զենքի մատակարարման հարցը գրեթե լուծված է»,- ասել է ուկրաինացի նախարարը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «փաստարկ է առաջ քաշել. ինչպես կարող է Ուկրաինայում նացիֆիկացիա լինել, եթե Զելենսկին հրեա է»:
«Կարող եմ սխալվել, սակայն Հիտլերը նույնպես հրեական արյուն ուներ: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում: Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են»,- ասել էր Լավրովը:





























