Հայաստանի կառավարությունն իր այսօրվա` օգոստոսի 4-ի նիստում Պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության` Երեւանի Վ.Սարգսյան 7 հասցեում գտնվող շենքի 86,5 քմ տարածքն ուղղակի վաճառքի ձեւով 65 մլն դրամով օտարել վարձակալ «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոն» ՍՊԸ-ին:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վաճառքի գնի կեսը գնորդը վճարելու է մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը, մնացած 50 տոկոսը` մինչեւ 2012 թ. դեկտեմբերի 31-ը։

Մեկ այլ որոշմամբ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ գույքի կազմից առանձնացվել է 241 մլն 953 հազար դրամ հաշվեկշռային արժեքով Ախուրյանի անավարտ կոլեկտորը եւ որպես պետական սեփականություն ամրացվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը` մրցութային եղանակով օտարելու համար։

Կառավարությունը ՍՊԸ կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության եւ գրավի իրավունքների գրանցման կարգը հաստատելու նախկին որոշման մեջ կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնցով նախատեսվում է նշված գործընթացի էլեկտրոնային ընթացակարգի ներդրում եւ «մեկ պատուհանի կանգառ» համակարգի արդյունավետ իրագործում։