Ֆիլիպիններում, ընտրողների բավական մեծ մասնակցությամբ, երկուշաբթի տեղի են ունենում համընդհանուր ընտրություններ։ Ուղիղ միացմամբ քվեարկությունը տեղերից հեռարձակում է RTV կառավարական հեռուստաալիքը։
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 06.00-ին եւ փակվելու են 19.00-ին։ Ավելի քան 65,7 մլն ֆիլիպինցիներ ամբողջ երկրում ընտրում են ոչ միայն հանրապետության նախագահին, այլեւ նոր փոխնախագահին, սենատորներին, կոնգրեսականներին, ինչպես նաեւ հազարավոր այլ կառավարիչների։
Ընտրություններին մասնակցում է Ֆիլիպինների նախագահի 10 թեկնածու։ Ընտրարշավը, որն սկսվել էր փետրվարի 8-ին, ինքնատիպ մրցամարտ էր հանգուցյալ բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի որդի Ֆերդինանդ Մարկոս-կրտսերի եւ երկրի ներկայիս փոխնախագահ Լենի Ռոբրեդոյի միջեւ։ Մարկոսը խոստանում է հաղթանակի դեպքում երկրում ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, պայքարել կորոնավիրուսի համավարակի հետեւանքների դեմ եւ բարձրացնել կրթության որակը։ Ինչ վերաբերում է Ռոբրեդոյին, ապա նա հույս ունի վերադարձնել վստահությունը կառավարության հանդեպ, սատարել փոքր բիզնեսին եւ իջեցնել գործազրկության մակարդակը։
Ներկա պահին արդեն քվեարկել են Մանիլայի քաղաքապետ Իսկո Մորենոն, սենատորներ Պանֆիլո Լաքսոնը եւ Մենի Պակյաոն, Ֆերդինանդ Մարկոսը, Լենի Ռոբրեդոն, որոնք նախագահի թեկնածուներ են, ինչպես նաեւ ներկայիս նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը՝ Դավաոյի քաղաքապետ Սարա Դուտերտե-Կարպիոն, փաստաբան Կառլոս Սերապիոն, որոնք հավակնում են փոխնախագահի պաշտոնին։ Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ժամը 11.00-ին ձայների հաշվարկման 51 մեքենա աննշան խնդիրներ է ունեցել։ Ընտրությունների համար գործադրված է ավելի քան 106,1 հազար սարք։





























