Կահիրեից 350 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Գեբել էլ-Հարիդի հսկայական համալիրը, որը գոյություն է ունեցել Հին թագավորությունից մինչեւ մեր դարաշրջանի սկիզբը: Երկար տարիներ այնտեղ պեղումներ են իրականացվում, եւ գիտնականներն անընդհատ նոր բացահայտումներ են անում։
Պեղումների վերջին սեզոնի ընթացքում նրանց հաջողվել է տաճարի ավերակներ հայտնաբերել՝ նվիրված հինավուրց աստվածուհի Իսիսին՝ կանացիության եւ մայրության աստվածուհուն: Բացի այդ, հետազոտողները մեծ թվով դամբարաններ են հայտնաբերել՝ ընդհանուր 85, ինչպես նաեւ՝ «մահվան ուշագրավ հնագույն վկայություններ»։
Որոնումների ընթացքում նաեւ տների մնացորդներ են հայտնաբերվել։ Ամենայն հավանականությամբ, դրանցում ապրել են Եգիպտոսի քաղաքացիները, որոնք աշխատում էին հենց այնտեղ՝ քարհանքերում։ «Հնագետները հայտնաբերել են քարի արդյունահանման ղեկավարի տունը, որն օգտագործվել է այդ թվում նաեւ Ռամզես III ժամանակաշրջանի տաճարի կառուցման համար»,- պատմել է Եգիպտոսի հնությունների վարչության ղեկավարը:
Նաեւ փաստաթղթեր են հայտնաբերվել՝ աշխատողների անունների ցանկով, եւ յուրաքանչյուրի դիմաց նշված է նրան հասանելիք աշխատավարձը։
Ինչ վերաբերում է այլ փաստաթղթերին, ապա դրանք հայտնաբերվել են դամբարաններում։ Յուրաքանչյուրի վրա նշված է մահացածի անունը եւ նրա զբաղմունքը: Բացի այդ, հիշատակված են նաեւ ծնողները, նաեւ անդրաշխարհի աստվածներին ուղղված գրություններ կան, որպեսզի նրանք ընդունեն հանգուցյալին եւ հոգ տանեն նրա մասին:
Հայտնաբերվել են նաեւ գրություններով սպասքի եւ մետաղադրամների մնացորդներ։





























