Իռլանդիայի Բիր քաղաքում վաճառվում է 1823 թվականին կառուցված Chestnut փաբը։ Այս մասին հայտնում է Irish Mirror-ը։

Բար-ռեստորանը վաճառքի է հանել Donal Boyd աճուրդի տունը: Նկարագրության մեջ հաստատությունը որպես կուլտային է բնութագրվում եւ հաղորդվում է, որ այն երկու հարկ, հինգ առանձին սենյակներ եւ դեպի ներքին բակ տանող ամբողջովին փակ անցում ունի:

«Այն հիանալի տեղում է՝ Բիր քաղաքի հենց կենտրոնում: Շենքի դրսում եւ ներսում կարելի է գեորգիական դարաշրջանի օրիգինալ տարրեր տեսնել»,- հայտնում են պոտենցիալ գնորդներին։

Փաբն իր գոյության ընթացքում ​​համալրվել է ծխելու հավելյալ հատվածով եւ բաց տարածքով։ Նշվում է, որ փաբն ունի ինչպես բաց տարածքներ, այնպես էլ մասնավոր միջոցառումների համար նախատեսված սենյակներ։

Նկարագրության մեջ նաեւ նշվում է, որ փաբը բազմիցս տարբեր փառատոնների, համերգների եւ հարսանիքների անցկացման վայր է դարձել։ Ներկայիս սեփականատերերին այն պատկանում է 1999 թվականից: