Մոսկվան իր խիստ բողոքն է հայտնել Վարշավային Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեւի վրա հարձակման եւ ծաղկեպսակների տեղադրման արարողությունը խափանելու կապակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Մայիսի 9-ին ոստիկանության լիակատար անգործության պայմաններում ծայրահեղականները խափանել են Վարշավայի խորհրդային զինվորների գերեզմանատանը ծաղկեպսակ դնելու արարողությունը՝ բռնություն գործադրելով Լեհաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Անդրեեւի եւ դիվանագիտական առաքելության մյուս անդամների նկատմամբ։ Լեհաստանի իշխանություններին խիստ բողոք է փոխանցվել՝ ըստ էության, նեոնացիստական սրիկաների նկատմամբ թողտվության համար:
Այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն լեհական կողմից պահանջել է անհապաղ ծաղկեպսակ դնելու արարողություն կազմակերպել՝ ապահովելով դրա լիակատար անվտանգությունը որեւէ սադրանքից։ Լեհական կողմին կոչ ենք անում, որպեսզի համապատասխան միջոցները ձեռնարկվեն հենց այսօր»։
Լեհաստանում Ռուսաստանի դեսպանը երկուշաբթի Ռուսաստանի դրոշով դիվանագիտական ավտոմեքենայով ժամանել էր Վարշավայի Ժվիրկի եւ Վիգուրա փողոցում գտնվող խորհրդային զինվորների զինվորական հուշահամալիր։ Ավտոմեքենայից իջնելուց հետո նրան շրջապատել էր ագրեսիվորեն տրամադված ամբոխը, որն ավելի վաղ հավաքվել էր այդ հուշահամալիրի մոտ՝ Ուկրաինայի դրոշներով, կարմիր ներկված սավաններով եւ հակառուսական կարգախոսներով: Ոստիկաններ այդ պահին հրապարակում չկային։ Դիվանագետները կարողացել են մի քանի տասնյակ քայլ անել, սակայն ամբոխը նրանց թույլ չի տվել առաջ գնալ։
Մի քանի րոպե դիվանագետների վրա բղավել են, կարմիր նյութով տոպրակներ նետել նրանց վրա։ Որոշ ժամանակ անց ոստիկանները հետ են հրել ամբոխին եւ դիվանագետներին ուղեկցել ավտոմեքենաների մոտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ծաղիկներով մոտեցող մյուսներին բղավում են, որ նրանք իբր իրավունք չունեն հարգանքի տուրք մատուցել զինվորների հիշատակին եւ նշել Հաղթանակի օրը։ Նրանք պահանջում են, որպեսզի ոստիկանությունը թույլ չտա այցելուներին ծաղիկներ դնել։





























