Չինաստանը ուշադիր հետեւում է ուկրաինական հակամարտությանը, եւ դա ազդում է Թայվանի հանդեպ Չինաստանի ղեկավարության հաշվարկների վրա։ Այս մասին հայտարարել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամս Բերնսը, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով, «չինական կառավարությունն ապշած էր ռուսական ներխուժմանը Ուկրաինայի կատաղի դիմադրությունից եւ այն տնտեսական ծախսերից, որոնք կրում է Ռուսաստանը»: «Կարծում եմ՝ Չինաստանի ղեկավարությունը ուշադիր հետեւում է այս ամենին՝ Թայվանի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար ուժի կիրառման ցանկացած փորձի գնին եւ հետեւանքներին»,- ասել է Բերնսը:

Սակայն նա զգուշացրել է, որ դա չի փոխի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի երկարաժամկետ նպատակները Թայվանի նկատմամբ։ «Չեմ կարծում, որ ժամանակի ընթացքում դա կխաթարի Թայվանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Սիի վճռականությունը»,- ասել է Բերնսը: «Բայց ես կարծում եմ, որ դա մի բան է, որն ազդում է նրանց հաշվարկների վրա, թե ինչպես եւ երբ նրանք դա կանեն»:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ Չինաստանը մտահոգված է հեղինակության խաթարմամբ, որը կապված է «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական գործողությունների դաժանության հետ»:

«Կարծում եմ՝ Ուկրաինայում վերջին 10 կամ 11 շաբաթների ընթացքում պուտինյան Ռուսաստանի դառը փորձը շատ առումներով ցույց է տվել, որ (Ռուսաստանի եւ Չինաստանի) այս բարեկամությունը որոշակի սահմաններ ունի»,- ասել է Բերնսը: