ԱՄՆ-ում  անհանգստացած են Չինաստանի` ռազմական ուղղությամբ զարգացումով: «Դա լուրջ մտահոգություն է առաջացնում: Մենք Պեկինի հետ խոսում ենք թափանցիկության մասին, հետաքրքրվում ենք նրա ռազմավարությամբ: Սովորաբար պատասխաններում ասվում է, որ խոսքը պաշտպանական ուղղության մասին է: Սակայն մենք տեսնում ենք պոտենցիալ, որը միայն պաշտպանական չէ» ,- օգոստոսի 4-ին մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ԶՈւ շտաբերի հրամանատարների հանձնաժողովի ղեկավար, ծովակալ Մայքլ Մալենը:

Ծովակալը նշել է, որ Չինաստանի ռազմական զարգացման արագությանը վերաբերող մտահոգությունն առկա է նաեւ Ասիայի մյուս երկրների դեպքում: Նրա խոսքով` Չինաստանը ձգտում է ԱՄՆ-ին դուրս մղել տարածաշրջանից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  Միաժամանակ` Մալենը, ով վերջերս է այցելել Չինաստան, նշել է Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ ռազմական շփումների կարեւորությունը:

Նա շատ կարեւոր է համարել տարածաշրջանային գերտերությունների միասնությունը Հարավչինական ծովի հետ կապված խնդիրների լուծման հարցում:

«Անհրաժեշտ է, որ բոլոր վեճերը լուծվեն խաղաղ ճանապարհով, դա թույլ կտա պահպանել կայունությունը տարածաշրջանում: Մենք դրա վրա կկենտրոնացնենք մեր ուշադրությունը»,-ասել է ծովակալը: