Ֆիլիպինների հանգուցյալ բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի որդին ընտրություններում իր ցնցող հաղթանակից հետո խոստացել է աշխատել բոլոր մարդկանց բարօրության համար եւ կոչ է արել աշխարհին իրեն իր նախագահությամբ դատել, այլ ոչ թե ընտանիքի անցյալով, հայտնում է Reuters-ը։

Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը, որն ավելի հայտնի է որպես «Բոնգբոնգ», դարձել է նորագույն պատմության մեջ առաջին թեկնածուն, որը բացարձակ մեծամասնությամբ հաղթել է Ֆիլիպինների նախագահական ընտրություններում՝ ճանապարհ հարթելով երկրի ամենատխրահռչակ քաղաքական դինաստիայի երբեմնի աներեւակայելի իշխանության վերադարձի համար:

«Դատեք ինձ ոչ թե իմ նախնիներով, այլ իմ գործողություններով»,- ասել է Մարկոսը աշխարհին:

1986 թվականի ապստամբության ժամանակ Մարկոսն իր ընտանիքի հետ փախել է Հավայան կղզիներ, ինչը վերջ է դրել նրա հոր 20-ամյա ավտոկրատ կառավարմանը, եւ 1991 թվականին Ֆիլիպիններ վերադառնալուց հետո ծառայել է կոնգրեսում ու սենատում:

Երկուշաբթի կայացած ընտրություններում Մարկոսի ջախջախիչ հաղթանակն այժմ կասկածի տեղիք չի տալիս՝ քվեաթերթիկների 98 տոկոսը հաշված է, նա 31 միլիոն ձայն ունի, ինչը կրկնակի գերազանցում է նրա ամենամոտ մրցակցի՝ փոխնախագահ Ռոբրեդոյի ձայներին:

Պաշտոնական արդյունքը մոտավորապես ամսվա վերջին է սպասվում։

Մարկոս-ավագի հազարավոր հակառակորդներ հալածանքի են ենթարկվել 1972-1981 թվականների դաժան ռազմական դրության ժամանակ, եւ ազգանունը դարձել է կողոպուտի, հովանավորչության ու շռայլ ապրելու հոմանիշ:

Մարկոսների ընտանիքը հերքում է իր մեղքը, եւ նրա շատ աջակիցներ, բլոգերներ եւ սոցիալական ցանցերի ազդեցիկ մարդիկ ասում են, որ պատմական տվյալները խեղաթյուրված են: