ԱՀԿ-ի ղեկավարը COVID-19-ի հանդեպ Չինաստանի բացարձակ անհանդուրժողականության քաղաքականությունը «անկայուն է» համարում։
«Մենք չենք կարծում, որ դա կայուն է՝ հաշվի առնելով վիրուսի պահվածքը»,- լրատվամիջոցների համար ճեպազրույցում ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեեսուսը, հայտնում է Reuters-ը:
Արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ տնօրեն Մայք Ռայանն իր հերթին նշել է, որ մարդու իրավունքների վրա «զրոյական COVID»-ի քաղաքականության ազդեցությունը նույնպես պետք է հաշվի առնել՝ երկրի տնտեսության վրա COVID-ի ցանկացած քաղաքականության ազդեցության հետ մեկտեղ։
Նա նաեւ նշել է, որ Չինաստանը 15 000 մահ է գրանցել այն ժամանակվանից, երբ վիրուսը 2019 թվականի վերջին առաջին անգամ ի հայտ եկավ Ուհան քաղաքում․ սա համեմատաբար փոքր թիվ է համեմատած ԱՄՆ-ում 999 475-ի եւ Հնդկաստանում ավելի քան 500 000-ի հետ: Դա նկատի ունենալով, նշել է Ռայանը, հասկանալի է, որ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկը կցանկանա կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսային վարակը զսպելու համար։
Այնուամենայնիվ, COVID-19-ի դեմ պայքարի Չինաստանի քաղաքականությունը քննադատության է արժանացրել եւ գիտնականների, եւ երկրի քաղաքացիների կողմից:
Շարունակվող բռնկումները նաեւ ընդգծում են, թե որքան դժվար է դադարեցնել խիստ վարակիչ օմիկրոն տարբերակի տարածումը:
«Զրոյական COVID»-ի քաղաքականության անվան տակ իշխանությունները արգելափակում են մեծ բնակավայրերը՝ վիրուսի տարածումը դադարեցնելու համար՝ ի պատասխան կորոնավիրուսի ցանկացած բռնկման, նույնիսկ եթե դեպքերի թիվը քիչ է:





























