Թաիլանդի կառավարությունն առաջին անգամ կղեկավարի կինը` 44-ամյա Յինգլակ Չինավատը, ով Թաիլանդի նախկին վարչապետ Տակսին Չինավատի քույրն է: Նրա օգտին քվեարկել են 500 պատգամավորներից 296-ը, հաղորդում է AFP-ն:
2006-ի ռազմական հեղաշրջումից հետո ավագ եղբայրը ստիպված էր հեռանալ վարչապետի պաշտոնից: Այդ ժամանակ Յինգլակն անդամագրվեց Ժողովրդական իշխանության կուսակցությանը, իսկ այն արգելելուց հետո` «Հանուն Թաիլանդի» (Puea Thai) կուսակցությանը, որի անդամ է մինչ օրս:
Ինչպես հաղորդում է Bernama Media-ն, նրա կուսակցությունը 2011-ի հուլիսի 3-ին հաղթել է տեղի խորհրդարանի Ազգային Ասամբլեայի ընտրություններում, ստանալով 265 պատգամավորական մանդատ եւ կոալիցիա ստեղծել, որում ընդգրկվել է 300 պատգամավոր:
Այսպիսով, Յինգլակ Չինավատի վարչապետ ընտրվելը սպասելի էր, հատկապես, որ ընդդիմությունը թեկնածու չէր առաջարկել: Հաջորդ շաբաթ Յինգլակը նոր կառավարություն կձեւավորի:




























