Պարագվայի կազմակերպված հանցավորության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով դատախազը սպանվել է զինված անձանց կողմից Կոլումբիայի լողափերից մեկում՝ իր նոր կնոջ հետ մեղրամսի ժամանակ, հայտնում է AP-ն։

Դատախազ Մարսելո Պեչին ապրիլին ամուսնացել էր լրագրող Կլաուդիա Ագիլերայի հետ։ Ագիլերան վերջերս սոցցանցերում կիսվել էր իր եւ Պեչիի լուսանկարներով Կարիբյան ծովի Բարու թերակղզում՝ Կոլումբիայի Կարթագենա քաղաքից հարավ:

Նրա վերջին գրառումը սոցցանցերում արվել էր հարձակումից մի քանի ժամ առաջ. կինը լուսանկար էր հրապարարել ամուսնու հետ՝ մանկական կոշիկներով: «Լավագույն հարսանեկան նվերը... ծնվող կյանք, որն ամենաքաղցր սիրո վկան է»,- լուսանկարին կից գրել էր Կլաուդիա Ագիլերան:

Decameron Barú հյուրանոցը, որտեղ կանգ էր առել զույգը, հայտնել է, որ հարձակվողները եկել էին մոտեցել էին եւ կրակել զույգի վրա լողափում:
Ագիլերան, ով հարձակման հետեւանքով չի տուժել, պատմել է, որ հարձակվողներից մեկը դուրս է եկել ու «առանց բառ ասելու երկու անգամ կրակել է Մարսելոյի վրա՝ դեպքին եւ մեջքին»։

Կոլումբիայի արտաքին գործերի նախարար եւ փոխնախագահ Մարտա Լուսիա Ռամիրեսը հայտարարել է, որ իշխանությունները հետաքննություն են սկսել՝ «այս նողկալի հանցագործության շարժառիթներն ու հեղինակներին» բացահայտելու համար: