Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը անկազմակերպ գնահատելուց առաջ  պետք է  գնահատել նախ ստեղծված իրավիճակի  պատճառահետեւանքային կապը, եւ ապա քաղաքապետարանի կողմից ձեռնարկված միջոցառումների նպատակն ու  կարեւորությունը:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, անդրադառնալով Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի այն հայտարարությանը, թե Աբովյանից Երեւան եւ հակառակը ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղային որոշ գծերի չաշխատելը Երեւանի քաղաքապետարանի անկազմակերպ աշխատանքի հետեւանք է:

«Ինչ վերաբերում է  այսպես ասած նախապատմությանը, ապա միջմարզային փոխադրումների  երթուղիների  ուղեգծերը Երեւանի վարչական տարածքում կանոնակարգելու  հարցը  Երեւանի քաղաքապետարանի կողմից  շուրջ 4 տարի բարձրացվել եւ քննարկվել  է համապատասխան  ատյաններում՝ հիմք ընդունելով  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ  օրենքը , որով   ամրագրված է, որ միջմարզային փոխադրումներ կազմակերպող  լիազոր մարմինը՝  Տրանսպորտի եւ կապի  նախարարությունը Երեւան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը պետք  է համաձայնեցնի Երեւանի քաղաքապետարանի  հետ»,- նշել է Սարդարյանը:

Նրա խոսքով, Երեւանի տրանսպորտային երթեւեկության բեռնաթափմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի կողմից Տրանսպորտի եւ կապի նախարարությանը կրկին առաջարկություն է ներկայացվել միջմարզային տրանսպորտային փոխադրումների երթուղիների սպասարկման աշխատանքները քաղաքի ավտոկայաններից եւ նախատեսված ենթակարգավարական կետերից կազմակերպելու վերաբերյալ:

«Սակայն Երեւան քաղաք մուտք գործող եւ Երեւանի քաղաքապետարանի հետ չհամաձայնեցված թվով 78 միջմարզային երթուղիների աշխատանքները կանոնակարգելու  նպատակով Տրանսպորտի եւ կապի նախարարությանը 3 անգամ դիմելուց եւ հարցի լուծում չստանալուց հետո Երեւանի քաղաքապետարանը կտրուկ միջոցառումներ է ձեռնարկել:

Արդյունքում երթուղիների հիմնական մասի աշխատանքը կանոնակարգվել է: Ինչ վերաբերում է  Կոտայքի մարզից սպասարկող թիվ 250,253, 258, 261, 267  երթուղիների շուրջ բարձրացված հարցին, Երեւանի քաղաքապետարանը ընդառաջ է գնացել եւ առաջարկել է երթուղիների   սպասարկումը կազմակերպել  կիսաճեպընթաց տարբերակով՝   ուղեգծերում նախատեսելով մինչեւ 3 միջանկյալ կանգառներ Երեւան քաղաքի վարչական տարածքում:  Քաղաքապետարանի կողմից վերոնշյալ երթուղիների ուղեգծերի հետ կապված  առաջարկություն է երկայացրել  Տրանսպորտի եւ կապի նախարարությանը եւ սպասում է պատասխանի, որը, կարծում  ենք, կլինի երկուշաբթի:

Համաձայնությունը ստանալուց հետո քաղաքապետարանը նշված երթուղիներով սահմանված կարգով աշխատանքում որեւէ խոչընդոտ չի տեսնում»,- ընդգծել է քաղաքապետի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ  մի քանի օր է, որ չեն գործում Աբովյան-Երեւան ուղերթի 261, 262, 267 համարների երթուղայինները եւ մայրաքաղաքում աշխատող աբովյանցիները ստիպված են 3-4 տրանսպորտ փոխել` վճարելով կրկնակի գումար եւ նախկին 40 րոպեի փոխարեն Երեւան հասնել 2 ժամում: