ԱՄՆ-ի բենզալցակայաններում բենզինի գինը կրկին պատմական ռեկորդ է սահմանել՝ մեկ գալոնի դիմաց հասնելով 4.40 դոլարի (3.785 լիտր): Այս մասին են վկայում ոչ առեւտրային ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալները, որը հետեւում է գներին ավելի քան 60 000 բենզալցակայաններում։
Դրա տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան մեկ գալոն բենզինի միջին արժեքն ԱՄՆ-ում աճել է մինչեւ 4.404 դոլար (երեքշաբթի այդ ցուցանիշը 4.374 դոլար էր): Երկրում բենզինի ամենաբարձր գներն ավանդաբար մնում են Կալիֆորնիա նահանգում, որտեղ վարորդները պետք է միջինում 5.85 դոլար վճարեն մեկ գալոնի համար:
Վառելիքի ծախսերի աճը տեղի է ունենում նավթի գների աճի ֆոնին՝ չնայած Սպիտակ տան կողմից այս միտմանը հակազդելու փորձերին։ WTI նավթի ֆյուչերսների գինն աճել է չորեքշաբթի 2.81 դոլարով (2.82 տոկոսով)՝ մինչեւ 102.59 դոլար բարելի դիմաց։





























