Ադրբեջանը տեսանելի ապագայում չի համաձակվի ռազմական ավանտյուրայի դիմել, քանի որ շատ լավ հասկանում է, որ այս անգամ պարտությունը կարող է կործանարար լինել: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով, երբեք չպետք է բացառել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, բայց հիմա դրա համար լավ պահ չէ:
«Ես նախադրյալներ չեմ տեսնում պատերազմի վերսկսման համար, հաշվի առնելով մի շարք գործոններ` միջազգային ասպարեզում առկա իրավիճակը, ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունները»,- ասել է նա, հավելելով, որ այդ դեպքի համար Հայաստանը մի շարք պատրաստի պատասխաններ ունի: «Օրինակ, կա պատրաստի սցենար, որի համաձայն, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը կտրուկ առաջ կտարվեն ընդհուպ մինչեւ Կուր գետ: Մեր բանակի մարտունակությունը թույլ է տալիս մշակել նման սցենարներ»,- ասել է նա:
«Ես առիթ եմ ունեցել լինել Պաշտպանության բանակի մի շարք առաջապահ դիրքերում եւ տեղում գնահատել իրավիճակը: Մեր առաջապահ ստորաբաժանումները ակտիվ պաշտպանության մարտավարություն են վարում, համապատասխան արձագանք տալիս հակառակորդին: Ավելին. Ադրբեջանի սադրանքներին ի պատասխան պատժիչ գործողություններ են իրականացվել, որոնք իրենց արդյունքը տվել են: Դա թուրքի հոգեբանությունն է, նրան պետք է մի փոքր տրորել, որպեսզի հանդարտվի: Բայց տրորել պետք է պարբերաբար»,- նշել է հոգեբանը:
Ինչ վերաբերում է ԼՂ բանակցային գործընթացին, Ջամալյանն ընդգծել է, որ հայկական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ընդունում է մադրիդյան սկզբունքները, սակայն չի գնա ԼՂ-ին հարակից տարածքների վերադարձման քայլին: «Պետք չի դիվանագիտությունը խառնել իրական քաղաքականության հետ: Այսօր Արցախի ցանկացած բնակիչ գիտակցում է, որ եթե Ադրբեջանին տրվի թեկուզ մեկ միլիմետր հող, պատերազմն անխուսափելի կդառնա: Դա հասկանում են նաեւ մեր իշխանությունները»,- ասել է նա ու հավելել, որ դիվանագիտությունը ճշմարտությունը թաքցնելու արվեստ է:




























