Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղը կճանաչվի որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, եւ դրան այլընտրանք չկա: Այդ մասին հայտնել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը այսօր` օգոստոսի 5-ին, լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ռեալ առաջընթաց կգրանցվի այն ժամանակ, երբ Ադրբեջանում հասկանա դա:
«Ադրբեջանում պետք է հասկանան, որ 86 հազար քառակուսի կմ-անոց տարածքը, որը հատկացվել էր Ադրբեջանի ԽՍՀ-ին, արդեն անցյալում է: Բայց այսօր Ադրբեջանում հրաժարվում են դա ընդունել, եւ դա վերաբերում է ոչ միայն իշխող ալիեւյան կլանին, այլ նաեւ ընդդիմությանը: Նրանց հակասություններն այլ հարթության վրա են: Այդ պատճառով դեռ շուտ է խոսել ղարաբաղյան հակամարտության որեւիցե լուծման մասին»,-ընդգծել է նա` հավելելով, որ այդ ամենից զատ, բանակցային գործընթացը ոչ մի արդյունք չի ունենա, մինչեւ ղարաբաղյան կողմը չնստի բանակցությունների սեղանի շուրջ:
«ԼՂՀ-ն պետք է որոշի` անել զիջումներ Ադրբեջանին, թե` ոչ: Մենք դա չենք կարղ անել, դա կլինի մեր կողմից ծայրահեղականության դրսեւորում»,-համոզված է նա:




























