Իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի երկխոսության գործընթացում կա էություն եւ ձեւ. երբեք չի կարելի թույլ տալ, որ ձեւը գա եւ խեղդի էությանը: Այդ մասին օգոստոսի 5-ին` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, կոալիցիայի աշխատանքային խմբի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները, թե իշխանությունը մինչեւ սեպտեմբեր ժամանակ ունի արտահերթ ընտրությունների հարցը լուծելու համար:
«Եթե երկխոսում եք եւ ունեք հարցեր, որոնց քննարկման ընթացքը դեռ տրամաբանական գործընթացի մեջ է, անբնական է ընդհատել եւ անցնել լուծումներին: Դա կարող է անել մեկը, ով այլ գերակայություններով է առաջնորդվում: Ես հեռու եմ այն մտքից, թե մեր գործընկերները առաջնորդվում են այլ գերակայություններով»,- ասել է Մինասյանը:
Պատգամավորը նշել է, թե օգոստոսի 4-ին կայացած հանդիպմանը անդրադարձ է եղել տվյալ խնդրին, եւ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը «ասաց այն, ինչ ասել էր եւս մեկ անգամ, որ եթե պարզվի, որ հանդիպումները գնում են կառուցողական հունով, որեւէ ժամկետի մասին խոսք լինել չի կարող»:




























