Եվրոպական ընկերությունները կկարողանան գազի դիմաց վճարել ռուբլով՝ չխախտելով պատժամիջոցները, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, փոխանցում է Bloomberg-ը։ 

Եվրոպական ընկերությունները շաբաթներ շարունակ փորձում են պարզել, թե ինչպես կարող են բավարարել ռուսական ռուբլով վճարման պահանջը եւ պահպանել գազի մատակարարումները՝ չխախտելով պատժամիջոցները։ 

ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ ընկերությունները պետք է շարունակեն վճարել եվրոյով, եւ որ ռուբլով բանկային հաշիվ բացելը հակասում է կանոններին: Այնուամենայնիվ, ԵՄ-ն դեռ պետք է վերջնական գրավոր հրահանգներ տա այն մասին, թե ինչպես պետք է ընկերությունները վճարեն «Գազպրոմ» ՓԲԸ-ին:

«Պաշտոնական հայտարարություն չկա, որ դա նշանակում է պատժամիջոցների խախտում»,-ասել է Դրագին մամուլի ասուլիսում։ «Ոչ ոք երբեք ոչինչ չի ասել ռուբլով վճարումների համար պատժամիջոցների մասին։ Փաստորեն, գազ ներկրողների մեծ մասն արդեն ռուբլու հաշիվներ է բացել «Գազպրոմ»-ում»,- հավելել է նա։

Դրագին նաև ասել է, որ Գերմանիայի խոշորագույն գազ ներկրողն արդեն վճարել է ռուբլով: Ինչպես Իտալիան, այնպես էլ Գերմանիան ռուսական գազի հիմնական սպառողն են։

Ռուսական գազի խոշորագույն գնորդ գերմանական Uniper SE-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը նոր համակարգով որևէ վճար չի կատարել, քանի որ վճարման վերջնաժամկետը մայիսի վերջն է: