Ֆինլանդիան ԵՄ-ի փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը որպես անվտանգության երաշխիք է դիտարկում, քանի դեռ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը քննարկվում է: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն, հայտնում է Reuters-ը։

«Իհարկե, մենք խոսել ենք ԵՄ-ի մեր բարեկամների հետ, թե ինչպիսի աջակցություն կարող է լինել, օրինակ, 42.7-րդ հոդվածի պայմաններում»,- ասել է նա՝ վիդեոկապով դիմելով ԵՄ օրենսդիրներին։

Նա նկատի է ունեցել փոխադարձ պաշտպանության մասին ԵՄ-ի հոդվածը, որտեղ ասվում է, որ «եթե անդամ պետությունն իր տարածքում զինված ագրեսիայի զոհ է դառնում, ապա մյուս անդամ երկրները պարտավոր են աջակցել նրան իրենց բոլոր միջոցներով»՝ համաձայն ինքնապաշտպանության ՄԱԿ-ի կանոնների։

«Կարծում եմ, որ շատ կարեւոր կլինի այս հոդվածի ներքո ընդգծել համերաշխությունը, քանի որ մեր գիտակցության մեջ այն արդեն գոյություն ունի»,- ասել է Հաավիստոն:

Հաավիստոյի կարծիքով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը «կուժեղացնի» Բալթիկ ծովի տարածաշրջանի եւ Հյուսիսային Եվրոպայի անվտանգությունը։

«Եթե Ֆինլանդիան որոշի հայտ ներկայացնել, Ֆինլանդիայի անդամակցությունը կուժեղացնի անվտանգությունն ու կայունությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում եւ Եվրոպայի հյուսիսում»,- ասել է Հաավիստոն՝ հավելելով, որ երկիրն այժմ «արագ մոտենում է համազգային որոշման պահին»: