Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Մարքեթինգի (Շուկայագիտության) հայկական ակումբի (Marketingclub) անդամների հետ այսօր` օգոստոսի 4-ին կառավարությունում կայացած հանդիպմանը երիտասարդներին նվիրել է մասնագիտական գրքերի գրադարան (Ջոն Գրանտ. «Դարի մարքեթինգը», Ռասսել Լ. Աքոֆ. «Մենեջմենթի մասին», Ջեք Թրաութ. «Պարզության ուժը», Թորսթեն Նիլսոն. «Մրցակցային բրենդինգ» եւ այլն): Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Marketingclub-ից:

Նշենք, որ մարքեթինգի ակումբի անդամները հուլիսի 13-ին դիմել էին վարչապետին՝ խնդրելով օժանդակել մասնագիտական գրականության ձեռքբերման հարցում։ Արձագանքը չէր ուշացել, եւ օգոստոսի 4-ին երիտասարդ մարքեթոլոգները ստացան իրենց մասնագիտական աճին խիստ անհրաժեշտ գրականությունը։ Երիտասարդները մտերմիկ եւ անմիջական զրույց են ունեցել Տ. Սարգսյանի հետ։ ՀՀ վարչապետը ծանոթացել է Մարքեթինգի հայկական ակումբի գործունեությանը եւ նպատակներին։ Տ. Սարգսյանը կարեւորել է ակումբի անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, քանի որ երիտասարդները պետք է քաջատեղյակ լինեն աշխարհում ընթացող տնտեսական զարգացումներին։ ՀՀ վարչապետն ապագա տնտեսագետներին խորհուրդներ է տվել, պատմել իր առաջիկա այցերի եւ գիտական աշխատանքների մասին: ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն հայտնել է աջակցել նրանց հետագա գործունեության մեջ։