«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հարավային Կովկասի 13-րդ առաջնության ժամանակ ադրբեջանական թիմի «ինտելեկտուալները» իրենց անվայել են պահել: Այդ մասին այսօր` օգոստոսի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:

«Ադրբեջանական կողմն աննախադեպ ճնշում է գործադրել մեր հավաքականի վրա: Միջադեպը սկսվեց մեր մասնակիցների շապիկների մակագրության պատճառով «Artsakh brendy company», «Artsakh, since 1922»: Ադրբեջանցի մասնակիցները պահանջել են հանել շապիկները, սակայն հայկական կողմը հրաժարվել է: Որոշ ժամանակ անց ադրբեջանական կողմը հայտնվել է սադրիչ գրառումներով շապիկներով. «Էրիվանի խանություն, Ադրբեջան since 1604»,- ասել է Քոչարյանը:

Մյուս բանախոսը, գիտակների Հայկական ասոցիացիայի անդամ Լեւոն Նիկողոսյանը իր հերթին նկատել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ճնշում է գործադրել է խաղի կազմակերպիչներից մեկի` Գեւորգի Մասիձեի վրա:

«Ի պատասխան վրացական կողմը ստիպված էր չեզոք մնալ»,- ասել է ասոցիացիայի անդամ Արայիկ Ավետիսյանը:

Տիգրան Քոչարյանն ընդգծել է, որ իրենք երկար ժամանակ փորձել են հակամարտությունը կարգավորել առանց պետության միջամտության, սակայն ստիպված էին անել դա, քանի որ ադրբեջանցիները փորձում են ինտելեկտուալ խաղը վերածել քաղաքական վեճերի թատերաբեմի:

«Հայկական կողմը բողոք է ներկայացրել էթիկայի միջազգային կոմիտե, որը մեկ շաբաթ անց որոշում կկայացնի, մենք կազմակերպիչներին առաջարկել ենք փոխել խաղի ձեւաչափը, եթե նրանք դա չանեն մեր թիմի հետագա մասնակցությունը կբացառվի»,- ասել  Քոչարյանը:

Նշենք, որ առաջնությունը կայացել է Վրաստանում հուլիսի 29-31-ին, որտեղ հաղթել է ադրբեջանական թիմը: