Լեհաստանի նախկին վարչապետ Անջեյ Լեպերը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է Լեհ Կաչինսկիի նախագահության ժամանակ, ինքնասպան է եղել: Նա երկար տարիներ գլխավորել է «Լեհաստանի հանրապետության ինքնապաշտպանություն» կուսակցությունը: 57-ամյա Լեպերը կախվել է կուսակցության Վարշավայի գրասենյակում, հաղորդում է լեհական Gazeta Wyborcza թերթը: Վարշավայի ոստիկանության մամուլի քարտուղար Մարիուշ Սոկոլովսկին հայտարարել է, որ իրավապահ մարմինները վստահ են, որ մահը բռնի չի եղել:
«Ես միշտ վստահ եմ եղել, որ այդ մարդը գիտի, թե ինչ է ուզում. պինդ, վճռական, եւ գիտեր, թե ինչպես կողմնորոշվել քաղաքականության մեջ: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նրան դրդել նման քայլի»,- հայտարարել է Լեպերի կուսակից ընկեր Հենրիկ Ձիդոն: «Ես գիտեի, որ նա տանը լուրջ խնդիրներ ունի. հիվանդ որդի: Ես շատ վախեցած են տեղի ունեցածից»,- ասել է քաղաքական եւ հասարակական գործիչ Վլադիլսավ Սերաֆինը:
Լեպերի կարիերան մինչեւ 2000-ական թվականի կեսերը շատ հաջող էր զարգանում: 2006-ին նա դարձավ գյուղատնտեսության նախարար եւ վարչապետ: Անհաջողությունները Լեպերի մոտ սկսվեցին 2007-ին, երբ նրան պաշտոնանկ արեցին հողային սկանդալից հետո: 2010-ի օգոստոսին նրան մեղադրանք առաջադրվեց կեղծ ցուցմունքներ տալու համար, որին հետեւեց երկար հետաքննություն:




























