Սերբիան եւ Կոսովոն լուծել են սահմանային ճգնաժամը: Կողմերը պայմանագիր են կնքել, որի համաձայն, երկու վիճելի անցակետերը պետք է գտնվեն խաղաղապահների վերահսկողության ներքո:

Ավելի վաղ Կոսովոն այդպիսի որոշումն անընդունելի էր համարում:

Օգոստոսի 4-ին Կոսովոյի կառավարությունն իր կտրուկ անհամաձայնությունն էր հայտնել ՆԱՏՕ-ի խաղաղապահների եւ Կոսովոյի հյուսիսային հատվածում բնակվող սերբերի միջեւ ձեռքբերված համաձայնագրի վերաբերյալ, որն առնչվում էր Սերբիայի եւ Կոսովոյի սահմանին գտնվող այդ երկու վիճելի անցակետերի վերահսկողությանը: 

Պայմանավորվածության համաձայն, խաղաղապահները այդ անցակետերում կմնան մինչեւ սեպտեմբերի կեսերը:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին,ասնյակ սերբեր, դիմակներով եւ արեւային ակնոցներով, «մոլոտովյան կոկտեյլներ» էին նետել Յարինյե բնակավայրի մոտ գտնվող անցակետի ուղղությամբ: Սերբերն անցակետի վրա էին հարձակվել, երբ Կոսովոյի կառավարությունը որոշել էր այդ անցակետն իր վերահսկողության տակ վերցնել եւ ոստիկանական ուժեր ուղարկել այնտեղ: Իրավիճակը կտրուկ լարվել էր, որի արդյունքում հուլիսի 29-ին անցակետի տարածք էին ժմանել ՆԱՏՕ-ի ուժերը: