Օգոստոսի 5-ին ձերբակալված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին նստեցրել են այն նույն խցում, որում նա նստել է 2000 թ.-ի ձերբակալության ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան» ` վկայակոչելով օգոստոսի 5-ին տեղեկատվական աղբյուրից ստացած տեղեկությունները:
«242 համարի բանտախուցը եվրավերանորոգված է, ունի առանձին սանհանգույց, պատուհան` ոչ թափանցիկ ապակուց, մինչդեռ այլ խցիկներն ընդհանրապես պատուհան չունեն»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ Տիմոշենկոն միայնակ է նստած խցում: Նախկին վարչապետը գտնվում է Կիեւի լուկյանովյան քննչական մեկուսարանում:
Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թ.-ին Ռուսատանի հետ գազային պայմանագրեր կնքելու ժամանակ լիազորությունները գերազանցելու մեջ: Դատական գործն սկսվել է հունիսի 24-ին:
Տիմոշենկոն իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում է, որ ենթարկվում է քաղաքական հալածանքների: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նրան 7-ից 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ կոչ է արել ապահովելու անկողմնակալ դատ նախկին վարչապետի նկատմամբ` հաստատելով, որ 2009 թ. գազի համաձայնագրերը ստորագրվել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահների ցուցումների հիման վրա: Հայտարարության մեջ շեշտվում է, որ 2009 թ. բոլոր «գազային» պայմանագրերը կնքվել են երկու պետությունների ազգային օրենսգրքի եւ մարդու իրավունքների հետ խիստ համապատասխանության պայմաններում, եւ նրանց ստոորագրման համար ստացվել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահներին համապատասխան հրահանգները:




























