Արագածոտնի մարզի Երեւան-Գյումրի ավտոմայրուղու 66-րդ կմ-ում` Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում, օգոստոսի 5-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Թալին քաղաքի Հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Հրայր Ազատյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՕՏ 064 համարանիշի եւ Աղվան Մոսոյանին պատկանող Volkswagen մակնիշի 74 ՏԼ 444 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորներ 18-ամյա Հասմիկ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ 41-ամյա Հասմիկ Հեբոյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով, Հ. Ազատյանին եւ Հ. Հեբոյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել Թալին քաղաքի հիվանդանոց:

Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Հ. Պետրոսյանի դին:

Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: