Թուրքիայում Դինքի սպանության գործով հերթական ամոթալի տեղեկությունն է հայտնվել մամուլում։ Պարզվել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է կատարել Ստամբուլի քաղաքացիական գործերով 10-րդ դատարանի վճիռը եւ Դինքի եղբայրներին վճարել 100 հազար լիրա (70 հազար դոլար) փոխհատուցում՝ համարելով, որ դրանով անտեղի կհարստանցի Դինքի եղբայրներին։

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է դատարանի վճիռը՝ պաշտպանական ճառում նշելով, թե իրենք Դինքի սպանության մեջ որեւէ մեղք եւ պատասխանատվություն չունեն։  Պաշտպանական ճառում պնդում է արվել, թե Դինքն իրենցից թիկնապահներ չի պահանջել, իսկ իրենք էլ դրա անհրաժեշտության մասին հետախուզական որեւէ տվյալ չեն ունեցել։ «100 հազար լիրա փոխհատուցման գումարը պատճառ կդառնա անհարկի հարստացման»,-նշվել է Ներքին գործերի պաշտպանական ճառում։

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինն այս ամոթալի պաշտպանական ճառն անընդունելի եւ տխրեցնող է համարել։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դինքի սպանության մեջ մեղավոր ճանաչեց Թուրքիային, իսկ Թուրքիայի նախագահն էլ արտահայտվեց, որ չկարողացանք պաշտպանել Դինքին։ Թուրքիան հայտարարեց, որ չի բողոքարկի ՄԻԵԴ-ի որոշումը, իսկ ՆԳՆ-ն կարծես հաշվի չի առել դա եւ պաշտպանական ճառում ոչ միայն իրավական այլեւ բարոյական եւ էթիկային դեմ արտահայտություններ է օգտագործել»,-նշել է Ֆեթհիյե է Չեթինը։