ԿԳԲ-ի գործակալները կարող էին «սարքել» Նոբելյան մրցանակակիր, հանրաճանաչ ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Ալբեր Քամյուի մահը: Իտալական լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Քամյուի ավտովթարը կազմակերպել են խորհրդային հատուկ ծառայության աշխատակիցները` ԽՍՀՄ հասցեին հնչեցրած մեղադրանքի համար, հաղորդում է RBC-ն:
Աղբյուրը պնդում է, որ ավտոմեքենայի անվադողերը վնասված էին, եւ գրողի վերացման հրամանը, իբր տվել է Դմիտրի Շեպիլովը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Հաշվեհարդարի պատճառ կարող էր ծառայել 1957 թ. մարտին ֆրանսիական ամսագրում հրապարակված հոդվածը, որտեղ Քամյուն քննադատել է Խորհրդային միությանը` Հունգարիայի իրադարձությունների համար, անվանելով դրանք «շեպիլովյան կոտորած»:
Քամյուն ավտովթարի էր ենթարկվել իր հրատարակիչ Միշել Գալիմարի ավտոմեքենայով: Դա տեղի է ունեցել 1960 թ. հունվարի 4-ին: Գալիմարը կորցրել է կառավարումը ողորկ ճանապարհի վրա, եւ ավտոմեքենան բախվել էր ծառին: Քամյուն տեղում մահացել էր, իսկ Գալլիմարը մի քանի օր անց մահացել էր հիվանդանոցում:




























