Գյուղատնտեսության նախարարության գերակայություններն են համայնքային աջակցության ծրագրերի միջոցով գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումն ու գյուղական բնակչության եկամուտների ավելացումը: Այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, հայտարարել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` Կառավարությունում իր ղեկավարած գերատեսչության` 2011թ-ի 1-ին կիսամյակի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս:
Նրա խոսքով, գյուղնախարարության գերակայությունների մեջ է մտնում նաեւ հանրապետության առնվազն 40 համայնքում գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը, ագրարային ոլորտի տեղեկատվական եւ խորհրդատվական համակարգի բարեփոխումների միջոցով ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացումը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ներկայացնելով իր ղեկավարծ նախարարության հաշվետվությունը, նշել է, որ նախարարության առաջնահերթ ծրագրերն են սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման քաղաքականության ճշգրտումը, Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավումը: Էկոնոմիկայի նախարարության այս տարվա գործունեության հիմնական ուղղություներից են նաեւ արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ձեւավորումն ու դրա մեկնարկի ապահովումը, որակի ազգային ենթակառուցվածքի բարեփոխումների ծրագրերի իրականցումը:
Վարչապետը երկու նախարարությունների ղեկավարներին հանձնարարել է առկա մի քանի խնդիրների լուծումը վերցնել իրենց անմիջական հսկողության տակ եւ դրանք ավարտել նախանշված ժամկետներում:




























