Զիմբաբվեում ալմաստի Մարանջայի հանքը շահագործվում է աշխատանքային ճամբարներում բանտարկվածների օգնությամբ: Ինչպես նշվում է BBC-ի ռեպորտաժում, Զիմբաբվեի զինվորականների եւ ոստիկանների կողմից վերահսկվող ճամբարները հիմա էլ շարունակում են գործել:
Աշխատանքային ճամբարները գրեթե ոչնչով չեն տարբերվում ռեժիմային ճամբարներից: Ականատես թղթակցի վկայությամբ, ով զրուցել է նաեւ նախկին բանտարկյալների հետ, մարդկանց ստիպել են աշխատել առանց սննդի, կերակրել են շներով, տղամարդկանց օրական մի քանի անգամ ծեծել են, իսկ կանանց` ստորացրել:
«Մենք հավաքված փաստերը ներկայացրել ենք Զիմբաբվեի կառավարությանը, բայց նրանք հրաժարվել են դրանք մեկնաբանել: Եվս մեկ ալմաստի հանք ղեկավարում է Զիմբաբվեի նախագահի անձնական ընկեր Ռոբերտ Մուշաբեն»,- նշում է BBC-ն:
Ներկայումս ԵՄ-ում քննարկվում է Զիմբաբվեի հանքավայրերից արդյունահանված ալմաստի առեւտրի նկատմամբ արգելքը մասնակիորեն հանելու հարցը: Այդ արգելքը մտցվել էր Քիմբերլիի գործընթացի ժամանակ, ըստ որի արգելվում է ալմաստի արդյունահանումը, որի ժամանակ մարդկանց նկատմամբ հանցագործություններ են տեղի ունենում: Քիմբերլիի գործընթացի ներկայացուցչի խոսքով, կազմակերպությունը «բավարար հաստիքներ չունի, տեղում մարդու իրավունքների խախտամն ամեն դեմք ստուգելու համար»:
Բրիտանիայի ԱԳՆ-ն համարում է, որ հանքավայրերը «համապատասխանում են միջազգային ստանդարտներին եւ մարդու իրավունքների խախտման դեպքերն այնտեղ պետք է շարունակվեն ուսումնասիրվել»:




























