Կորեայի Հանրապետության կառավարությունը նախատեսում է մինչեւ այս տարվա վերջը չեղարկել յոթ կատեգորիաների պարենային ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ երկրի քաղաքացիների վրա գների աճի ազդեցության պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap լրատվական գործակալությանը։

Փոխվարչապետ, պլանավորման եւ ֆինանսների նախարար Չհու Գյոն Հոյի նախագահությամբ նիստի ժամանակ հայտարարվել է ինֆլյացիայի դեմ պայքարի եւ բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված միջոցառումների մասին։ Մասնավորապես, իշխանությունները մտադիր են մինչեւ տարեվերջ վերացնել այնպիսի պարենային ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, ինչպիսիք են արեւածաղկի եւ սոյայի ձեթը, ցորենի ալյուրը, խոզի միսը։ Եթե խոզի մսի ներմուծման մաքսատուրքերը չեղարկվեն, դրա գները կնվազեն 20 տոկոսով, կանխատեսում են մասնագետները։

«Ինֆլյացիայի աճի ֆոնին տոկոսադրույքներն ու բնակարանային ծախսերի աճն ազդում են ընտանիքների կենսապայմանների վրա»,- նախապես ծրագրված միջոցառումները բացատրել է պլանավորման եւ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։ Ապրիլին ինֆլյացիայի տեմպերը 13 տարվա մեջ առաջին անգամ կազմել են 4,8 տոկոս։ Ըստ տնտեսագետների՝ մայիսին այս ցուցանիշը կարող է գերազանցել 5 տոկոսը։ Ուկրաինական իրադարձությունների հետեւանքով էներգետիկ ռեսուրսների եւ պարենային ապրանքների գների աճը հանգեցրել է սպառողական գների թանկացման, նշում է Yonhap-ը։

Ծրագրերի համաձայն՝ կչեղարկվի ավելացված արժեքի հարկը սուրճի եւ կակաոյի ներմուծման, որոշակի պարենային ապրանքների գնման վրա։ Քննարկվել է նաեւ յոթ կատեգորիայի արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերի նվազեցումը։ Պետական գանձարան հարկերից ու տուրքերից նախատեսված մուտքերն ամբողջությամբ կատարելու դեպքում դրանք կնվազեն 477 մլն դոլարով, գրում է գործակալությունը։