Պերուի գլխավոր դատախազությունը կոռուպցիայի կասկածանքով նախաքննություն է սկսել նախագահ Պեդրո Կաստիլյոյի հանդեպ։ Այս մասին Twitter-ում հայտնել է մարմնի մամուլի ծառայությունը։

«Գլխավոր դատախազ Պաբլո Սանչեսը հրամայել է նախաքննությունը տարածել նախագահ Պեդրո Կաստիլյոյի վրա՝ կապված հնարավոր այնպիսի հանցագործությունների հետ, ինչպիսիք են հանցավոր կազմակերպություն հիմնելը, ծանր հանգամանքներում ազդեցության առեւտուրը եւ ծանր հանգամանքներում դավադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ այս հետաքննության մեջ ամբաստանյալներ էին դարձել տրանսպորտի նախկին նախարար Խուան Սիլվան, որը գերատեսչությունը ղեկավարել է 2021 թվականի հուլիսից մինչեւ 2022 թվականի փետրվարը, եւ «Ժողովրդական գործողություն» կուսակցության վեց պատգամավորներ։ Մեղադրող կողմի խոսքով՝ նրանք օգնել են որոշ ձեռնարկատերերի պետական պատվերներ ստանալ ենթակառուցվածքների ոլորտում։ Այժմ դատախազությունը կասկածում է, որ նախագահը կարող է ներգրավված լինել կոռուպցիոն սխեմայի մեջ։

Ավելի վաղ նախկին գլխավոր դատախազ Սորաիդա Ավալոսը որոշել էր երկու այլ հետաքննություն սկսել Կաստիլյոյի հանդեպ, բայց հետո դրանք կասեցրել էր մինչեւ նախագահական մանդատի ավարտը։