Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դադարեցրել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով հանրաքվեի նախապատրաստումը՝ կապված նախագահ Ալան Գագլոեւի ավելի վաղ ստորագրած հրամանագրի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԿԸՀ նախագահ Էմիլիա Գանիեւան։
Մայիսի 30-ին Գագլոեւը կասեցրել է Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեի մասին հանրապետության նախկին ղեկավար Անատոլի Բիբիլովի հրամանագիրը՝ մինչեւ Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը։
«Երեքշաբթի օրը կայացած նիստում հանձնաժողովի անդամները եկել են այն եզրակացության, որ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի գործունեությունը ավտոմատ կերպով դադարեցվում է Անատոլի Բիբիլովի համապատասխան հրամանագրի կասեցման պատճառով»,- ասել է Գանիեւան։
Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 13-ին հաստատել եւ այն ժամանակ գործող նախագահ Բիբիլովին էր ուղարկել փաստաթղթերի փաթեթ՝ հանրապետության՝ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ Նա իր հրամանագրով հանրաքվեն հուլիսի 17-ին էր նշանակել։ Բիբիլովը մարտի 30-ին ասել էր, որ Հարավային Օսիան իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու համար։





























