2012 թվականին Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սուլեյմանը կայցելի Հայաստան: Այս մասին նշվել է այսօր` օգոստոսի 9-ին, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի` Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման, Լիբանանի ներքին քաղաքական, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող խնդիրներ:

Ընդգծվել է երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարյացակամ հատուկ վերաբերմունքն ու հարգանքը միմյանց հանդեպ: Կարեւորվել է սերտ համագործակցության խորացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Համոզմունք է հայտնվել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք կհաղորդեն երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման առումով:

Նախագահ Սուլեյմանը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում:

Լիբանանի Նախագահի խնդրանքով դեսպան  Քոչարյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ տարածաշրջանային այլ հարցերի: