JPMorgan Chase-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնն ԱՄՆ-ի խոշորագույն բանկը «տնտեսական փոթորկի» է պատրաստում եւ ներդրողներին խորհուրդ է տալիս նույնը անել:
«Գիտեք, ես ասում էի, որ սա ամպրոպ է, բայց հիմա… սա փոթորիկ է»,- ասել է Դայմոնը Նյու Յորքում ֆինանսական համաժողովի ժամանակ: Թեեւ պայմաններն առայժմ «լավն» են թվում, ըստ նրա, ոչ ոք չգիտի՝ փոթորիկը «փոքր է, թե Սենդի գերփոթորկի կվերածվի»:
«Դուք ավելի լավ է պատրաստվեք,- ասել է Դայմոնը վերլուծաբաններով եւ ներդրողներով լի սենյակում:- JPMorgan-ը պատրաստվում է, եւ մենք շատ պահպանողական գտնվելու լինելու մեր բալանսի հարցում»:
Անցյալ տարվա վերջից բաժնետոմսերն անկում են ապրել, քանի որ ներդրողները պատրաստվում են Դաշնային պահուստային էժան փողերի դարաշրջանի ավարտին: Բազմամյա բարձր մակարդակի գնաճը, որը սրվել է մատակարարման շղթաների խափանումներով եւ կորոնավիրուսային համավարակի պատճառով, մտավախություն է առաջացրել, որ ԴՊՀ-ն անզգուշաբար տնտեսության մեջ ռեցեսիա կառաջացնի՝ պայքարելով գների աճի դեմ:
«Հիմա, կարծես, արեւոտ է, ամեն ինչ լավ է ընթանում, բոլորը կարծում են, որ ԴՊՀ-ը կարող է կարգավորել դա,- ասել է Դայմոնը:- Այդ փոթորիկը մոտենում է մեզ».
Դայմոնին մտահոգող երկու հիմնական գործոն կա. նախ՝ Դաշնային պահուստային համակարգը հասկացրել է, որ կչեղարկի պարտատոմսերի շտապ գնման ծրագրերը եւ կկրճատի իր բալանսը: Այսպես կոչված քանակական խստացումը կամ QT-ն պետք է սկսվի այս ամիս եւ կավելանա ամսական մինչեւ 95 միլիարդ դոլար՝ կրճատված պարտատոմսերի ներդրումների տեսքով:
Քանակական մեղմացման ծրագրերի մի քանի ասպեկտներ «հակառակ ազդեցություն ունեցան», այդ թվում՝ բացասական դրույքաչափերը, որոնք նա «մեծ սխալ» է անվանել: Կենտրոնական բանկերն «ընտրություն չունեն, քանի որ համակարգում չափազանց մեծ իրացվելիություն կա», - ասել է Դայմոնը՝ նկատի ունենալով խստացմանն ուղղված քայլերը: «Նրանք պետք է հեռացնեն իրացվելիության մի մասը՝ սպելուլյացիաներին վերջ տալու համար,իջեցնեն բնակարանների գները եւ այլ նման քայլեր»:
Դայմոնին մտահոգող մեկ այլ գործոն պատերազմն է Ուկրաինայում եւ դրա ազդեցությունն ապրանքների, այդ թվում՝ սննդի եւ վառելիքի վրա: Ըստ Դայմոնի՝ նավթը «պետք է թանկանա»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր եվրոպական ամենածանր հակամարտությամբ պայմանավորված խափանումների պատճառով։





























